Փարիզի Էսթ համալսարանի դոկտոր, քաղաքաշինարար ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ զրուցում ենք Երևանն ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելու մասին:
-Ինչպե՞ս դարձնել Երևանն ավելի հաճելի:
-Իհարկե, ամենօրյա համակարգված աշխատանքով է քաղաքը դառնում ավելի կենսագործ և հաճելի: Բայց այդ ամենը նաև ճիշտ ուղղորդված պետք է լինի: Մերօրյա Երևանում որոշ աշխատանքներ տարվում են, բայց Երևանում տիրող իրավիճակը խոսում է այն մասին, որ այդ աշխատանքները ճիշտ ուղղությամբ չեն ընթանում: Մյուս կողմից, այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ իրար վրա լցված է և հավաքված, դասավորված չէ: Կարծում եմ՝ Երևանը հավաքելու, ամեն ինչ իր տեղը դնել-դասավորելու ժամանակն է: Այդ փուլը վերջացնելուց հետո մայրաքաղաքը հաճելի դարձնելու քայլերը շոշափելի կլինեն բնակիչների համար: Անգամ ուզում եմ ասել քաղաքապետարանին և քաղաքապետին՝ արեք ձեր քաղաքաշինական նախաձեռնությունների ճիշտ հակառակը: Եվ դա վերաբերում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր գործողություններին:
-Կբերե՞ք կոնկրետ օրինակներ. ի՞նչը հարմարավետ չէ, և ի՞նչը պետք է փոխվի:
-Օրինակ, այս կամ այն փողոցը հետիոտն դարձնելը կամ նստարանների տեղադրման վայրերը որոշելը: Դուք հարցնում եք՝ ինչպե՞ս դարձնել քաղաքն ավելի հաճելի: Իհարկե, ամեն ինչ հնարավոր չէ ասել և հուշել մեկ հարցազրույցի սահմաններում, բայց որոշ գործնական բաներ, այնուամենայնիվ, ես՝ որպես մասնագետ, պարտավոր եմ ասել: Պետք է տեղափոխել քաղաքային նստարանների տեղերը: Միշտ Երևան քաղաքով քայլելիս ուզում եմ դա անել, բայց միշտ ինձ զսպում են: Հետաքրքիր է՝ ո՞վ է որոշել դրանց տեղադրման վայրն ու ի՞նչ սկզբունքով: Ես՝ որպես մասնագետ, սկզբունք չեմ տեսնում: Միայն ակնհայտ է, որ քաղաքը հաճելի, հարմարավետ դարձնելու սկզբունքներին հակառակ գործողություն է արվում: Նստարանները դրված են մեջքով գեղեցիկ բացված քաղաքային տեսարաններին: Գուցե նման տեղադրումը բխում է նրանից, որ տեսախցիկները կարողանան վերահսկել նաև նստարանները, բայց մարդաշատ տեղերն անախորժությունների վայրեր չեն: Կամ՝ նստարանները մարդկանց համար են, և մարդիկ դրանք վաղը-մյուս օրը չգողացան, չփչացրին: Իսկ եթե նման բան արվում է քաղաքում, ապա դա ուրիշ հիմք ունի. պատճառը ծանր սոցիալ-տնտեսական պայմաններն են, կամ ավելի խոր հիմքեր կան. դրանք մարդկանց դժգոհության ու բողոքի արտահայտման ձև են: Եվ վերջապես, ո՞ւմ էր պետք այդքան թանկ նստարաններ շարել քաղաքում, որպեսզի դրանցից յուրաքանչյուրը վերահսկվի տեսախցիկով: Նստարանները պետք է տեղադրվեն հաճելի քաղաքային համայնապատկեր ունեցող տեղերում, այլ ոչ թե հայացքդ հառնի շենքի պատին, որից բաժանող հեռավորությունը 2 մետր է: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճելի վայրում տեղադրված նստարանին մարդիկ ավելի երկար են նստում, այդ վայրերում այցելուների թիվն ավելանում է, նստարանների վրա անցկացրած ժամանակը 7-12 տոկոսից աճում է մինչև 61-72 տոկոսի: Բացի այդ, Երևանը, հայկական բնաշխարհը, հայերի մշակութային ժառանգությունն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ օգտագործված է չճչացող գունային գամմա: Իսկ մեր քաղաքի վերջին տարիների գունափոխման աշխատանքներն այդ տրամաբանությամբ չարվեցին: Արդյունքում օգտագործվեց ոչ հայկական գունային երանգը: Քաղաքի գեղագիտական կերպարը հարազատ դարձնելու համար պետք է քաղաքին վերադարձնել իր նախնական գույները: Մեծ քաղաքները և մանավանդ մայրաքաղաքները, ինչպիսին է դասական սկզբունքով կառուցված Երևանը, պետք է ունենան նյուանսային գունային գամմա: Իսկ կանաչապատումը պետք է արվի՝ վերացնելով ներկա բուսական «բազարը»: Նախկին տեսքի պետք է բերվեն գեղեցիկ կենտրոնական շենքերը՝ վերացնելով շուշաբանդները և պատշգամբները մշակելով մեկ գույնով: Քաղաքը հաճելի դարձնելու մյուս տարրերից է մասշտաբի և ռիթմի ընկալումն ու ընդգրկումը: Տարածքները պետք է կազմակերպվեն 5 կմ/ժ մարդկային արագությունից ելնելով, կոմպակտ և հագեցած լինեն գրավչությամբ: Իսկ Երևանում, եթե նկատենք, տարածքները կազմակերպվում են 60 կմ/ժ արագության համար: Այդ արագությունն այն մարդկանց համար է, ովքեր մեքենաներով են տեղաշարժվում, ոչ թե հետիոտնի: Քաղաքում ոտքով քայլելը խթանելու համար միայն առանձին հետիոտն գոտիների ստեղծմամբ հնարավոր չէ զարկ տալ ոտքով քայլելու մշակույթին: Քաղաքը հաճելի դարձնելու համար պետք է զարգացնել առաջին հարկերի թափանցիկությունը, առաջին հարկերի ֆասադները պետք է լինեն բաց, ոչ թե փակ: Քաղաքով քայլելիս հաճելի է, երբ մարդ տեսնում է ցուցափեղկերը և գուցե նաև այն, ինչ կատարվում է ներսում: Եվ դա երկու ուղղությամբ է արվում. դրսի ու ներսի մարդիկ հնարավորություն ունեն իրար նայելու: Պետք է խթանել մարդկային զգայարանների աշխատանքը: Դրա համար պետք է ստեղծել ինտերակտիվ ֆասադներ, որոնք կփոխարինեն պասիվ ֆասադներին: Ինտերակտիվ ֆասադները նպաստում են, որ գործի դրվեն մարդկային բոլոր զգայարանները: Բայց դա ամենևին չի նշանակում, թե բոլոր ֆասադները պետք է ներշնչող լինեն: Տեքստուրաները և դետալները ևս շատ կարևոր են քաղաքը հաճելի դարձնելու համար: Միապաղաղ ֆասադներից պետք է անցնել հետաքրքիր ֆասադների: Այսպիսով քաղաքների կառույցները կարող են դանդաղ քայլերով հետիոտնին գրավել, եթե արված են որակով, գրավիչ, առաջին հարկերն առաջարկում են իրենց տեքստուրան և հարուստ են դետալներով: Մյուս կարևոր գործոններից է ֆունկցիոնալ բազմազանությունը: Միապաղաղ ֆասադներից պետք է անցնել բազմազանների: Նեղ միավորները, շատ դռների առկայությունը մատնանշում են տարբեր գործառույթներ, շատ շփումների հնարավորությունների ստեղծում ներսի ու դրսի հետ, ինչպես նաև անցորդին հարստացնում տարբերակված իմացություններով և հմտություններով: Իսկ բուն ֆասադները հաճելի դարձնելու համար դրանք պետք է ունենան ավելի շատ ուղղահայաց ջլատվածություն և խուսափեն հորիզոնական բաժանումներից: ՈՒղղահայաց առանցքով տեղադրված առաջին հարկերի տարրերը հետիոտնի զբոսանքն ավելի հետաքրքիր են դարձնում: Հորիզոնական ստրուկտուրավորված ֆասադների համեմատ՝ այս տեսակն անցնելիք ճանապարհն ավելի «կարճ» է դարձնում:
-Քաղաքը անհարմար է նաև իր անցումներով: Ի՞նչ կառաջարկեք:
-Եթե ցանկանում ենք, որ Երևանում հետիոտն շարժումը զարգանա, և մեծանա հարմարավետությունը, պետք է ավելացվեն անցումները՝ ոչ վերգետնյա, ոչ էլ ստորգետնյա: Այդ անցումները պետք է ընդհանրապես հանվեն պրակտիկայից: Նախ՝ ապացուցված է, որ մարդը միշտ ամենահեշտ ճանապարհն է ընտրում փողոցն անցնելիս: Եվ վերգետնյա բարձրացված անցումներին է դիմում միայն այն ժամանակ, երբ փողոցի հետ հետիոտն անմիջական կապ չկա կամ փողոցին մոտեցում չունի: Վերգետնյա բարձրացված անցումների տարբերակը կարող է աշխատել միայն այն ժամանակ, երբ այդ վերգետնյա բարձրացված անցումներն իրար հետ միացված են և ստեղծում են ցանց: Դժվարությունը բարձրանալն է, բայց հնարավորություն կա հաճելի զբոսանք անելու: Իսկ այն, ինչ Երևան քաղաքում արվում է (վերգետնյա բարձրացված անցումների առումով), հին պրակտիկա է և աշխարհում արդեն ապացուցել է իր անարդյունավետությունը: Բացի այդ, ինչպե՞ս կարելի է փողոցները դարձնել արագընթաց և ուզենալ բեռնաթափել քաղաքի կենտրոնը, եթե այդ փողոցները գալիս-հասնում են կենտրոն: Այդ վերգետնյա կառույցներն արվել են ծերացող ժողովուրդ ունեցող Հայաստան երկրում, չհասկանալով, թե ինչպես պետք է երևանցին ամեն անգամ այդքան աստիճան բարձրանա-իջնի մի փողոց անցնելու համար:
Մյուս հարցը, որ շատ կարևոր է, Երևանում աստիճանների անհարմար լինելն է, լինի դա խանութի, թե հուշակոթողի աստիճան: Զբաղեցրած աստիճանների տարածքները շատ են և ոչ կանոնակարգված ու ոչ կենսագործ: Օրինակ, Սայաթ-Նովա փողոցում շրջելիս դա կնկատեք: Թեպետ աստիճանների քանակը կարելի էր կրճատել և մնացած մակերեսները կանաչապատել: Շատ տեղերում աստիճանները նաև անհարմար են: Իսկ բազմաթիվ տեղերում ուղղակի աբսուրդ է. պետք է մի քանի աստիճան բարձրանաս, որ հետո մի քանիսն իջնես: Նույն սկզբունքն է Հյուսիսային պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգում գտնվող Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշահամալիրում: Եթե անգամ դա արվել է հուշարձանին տարբեր դիտման կետեր տալու համար, պետք է առնվազն մի տեղ փողոցից առանց աստիճանների հուշահամալիրին մոտենալու հնարավորություն լինի: Բայց դա չի արվել, չնայած կա հնարավորություն հուշակոթողին հասնելու փողոցի մակարդակից առանց իջնել-բարձրանալու:
Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ